ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ապրիլի 3-ից պատրաստ կլինի սպասարկել միայն կորոնավիրուսով վարակված անձանց։ Ներկայումս հիվանդանոցն ամբողջությամբ դատարկելու աշխատանքներն են իրականացվում։ Կենտրոնից շտապ օգնության մեքենաներով պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ։ ԲԿ-ն շուրջ 400 պացիենտ ընդունելու հնարավորություն ունի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Խոսնակը նշեց, որ այսօր մինչև օրվա վերջ կավարտեն պացիենտների տեղափոխումն այլ բուժհաստատություններ։ Նա հավելեց նաև, որ ԲԿ-ն ունի համաճարակային ծառայություն։ ԲԿ-ում բուժանձնակազմի շարունակական վերապատրաստումներ են իրականացվում այն պահից սկսած, երբ սպասարկել են կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին։
«Օրեր առաջ ԲԿ-ում էին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, որոնք իրականացրել են ընթացիկ բուժպատրաստումներ», - նշեց Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ, հաշվի առնելով կորոնավիրուսով վարակված անձանց թվի մեծանալը, որոշում է կայացվել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն ևս պետք է զբաղվի այս խնդրով՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը:
Սոնա Գրիգորյան