ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ:
Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ:
ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։
Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։