ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Եվրամիությունն ավելի քան 15 միլիարդ եվրո կհատկացնի իր գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրապարկված հայտարարության մեջ:
«Այսօր Եվրոպական հանձնանժողովն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը մշակել են պատասխան միջոցների ծրագրեր, որոնք կաջակցեն գործընկերներ պետություններին՝ պայքարելու կորոնավիրուսի համավարակի դեմ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։
Արևելյան գործընկերության երկրներին կհատկացվի 962 միլիոն եվրո։
Նշենք, որ եվրոպական պաշտոնյաները ավելի վաղ մտահոգություն էին հայտնել Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ վիրուսի դեմ պայքարը կարող է լինել անարդյունք, եթե վիրուսը զանգվածային տարածում գտնի Աֆրիկայում, իսկ այնուհետ կրկին ներթափանցի Եվրոպա։