ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն մուտք է գործել Դավիթաշենի ոստիկանություն, փակել ելումուտը։ Տեղեկություններ կան նաև, որ ԱԱԾ-ն կաշառքի դեպք է հայտնաբերել, մասնավորապես՝ մի քաղաքացի կաշառք է տվել ոստիկանության աշխատողին։ ԱԱԾ-ն տեղում՝ կաշառքը հանձնելու պահին, օպերացիա է իրականացրել և ձերբակալել կաշառքը վերցնողին։
ԱԱԾ-ից 24News-ին հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ այս պահին միջոցառումներ են իրականացվում։ Թե ո՞ր քրգործի շրջանակներում են գործողություններն իրականացվում, ԱԱԾ-ից չհայտնեցին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում՝ նշելով, որ մանրամասներրը կհայտնեն առաջիկայում։
Սոնա Գրիգորյան