Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

տնտեսական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ անկախ համաճարակային իրավիճակից՝ ոռոգման ջուրը կհասնի գյուղացիներին: Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակվում են միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։

Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝

Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները,

Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները,

Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։

Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը։