ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Արայիկ Հարությունյանը նախնական տվյալներով ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։ Այս մասին գրառում է կատարել նաև «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս։ Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
Նախնական տվյալներով ընտրողների 87% ձայներ ստացած,Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում, մասնավորապես, նշված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:
Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:
Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ:
Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս»:
Ինչպես, ավելի վաղ տեղեկացրել էինք, Արցախի Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող, ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
Տեղեկացնենք, որ Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։