ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ: Իրավիճակով պայմանավորված՝ քննարկվում է նաև Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:
Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսված էր ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը արցախցի ընտրողների հետ, որից հետո ասուլիս պետք է տար: