ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում:
Ելնելով անվտանգության կանոններից՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն ընթանում են բացօթյա պայմաններում, իսկ ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը:
Ստեփանակերտի ամենամեծ շինհարթակի՝ Թումանյան փողոցում կառուցվող 13 մասնաշենքից բաղկացած 187 բնակարանով նոր թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ներդրումային ծրագրի:
Թումանյան փողոցում շարունակվում է նաև «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի, բարերարի միջոցներով կառուցվող 10 հարկանի և ՊԲ միջոցներով կառուցվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը:
Վերանորոգվում, փոսալցվում և ասֆալտապատվում են համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհները:
Այս պահին շինարարություն չի ընթանում այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել (քանի որ վարպետների մեծ մասը ՀՀ-ից են):