ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:
Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը. Երեւանի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար»:
Հարցը ներկայացրեց Երեւանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման եւ տեղադրման բոլոր ծախսերը պատրաստակամ է կրել հնդկական կողմը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երեւանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաեւ նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաեւ կհոգա արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը: