ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
ՌԴ 27 տարածաշրջաններ պատրաստ են աստիճանաբար մեղմացնել կարանտինային միջոցառումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է РиаНовости-ն:
Նա պարզաբանել է, որ դա հնարավոր է, քանի որ այդ շրջաններում վերջին մի քանի օրվա ընթացքում վիրուսի տարածման ցուցանիշը շարունակում է ցածր մնալ, իսկ մասնագիտացված բաժանմունքներում նախատեսված մահճակալները՝ դատարկ:
Միշուստինը նաև հստակեցրել է, որ տարեցների համար նախատեսված սահմանափակումները կհանվեն անմիջապես, առաջին հնարավորության դեպքում:
«Կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված իրավիճակը մեր երկրում շարունակում է գնահատվել բարդ, բայց, այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ հիվանդացության աճը հաջողվել է կանգնեցնել: Ինքնամեկուսացման ռեժիմը թույլ է տվել ժամանակ շահել և թույլ չտալ հիվանդացության պայթյունավտանգ աճ»,- հավելել է ՌԴ վարչապետը:
Նշենք, որ ՌԴ-ում համաճարակի բռնկումից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 290 678-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 70 209-ի: Երկրում կորոնավիրուսից մահացել է 91 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 2722։