ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել է նաև մեկ այլ մարտական հաշվարկ:
Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ և տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գյումրու պատասխանատուները ժամանակավորապես հոսանքազրկել են նշված տունը, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: