ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որն ավելի քան 60 փախստական էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 17-ին, լճից դուրս է բերվել ևս 2 փախստականի դի, այդ թվում՝ 1-ը երեխա։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 42-ի դիերը։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107 մ խորության վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ջոկատները և ոստիկանական ուժերը շարունակում են դիերի որոնման աշխատանքները Վանա լճի Կտուց կղզու շրջակայքում։
Հիշեցնենք, որ Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։
Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականներն Իրանի կողմից են ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ:
--00--ԱԹ