ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունիսին 2019-ի հունիսի համեմատ նվազել է 7.5 տոկոսով: Այդ մասին հայտնում է armtimes.com-ը:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս:
Ինչպես նախորդ մի քանի ամիսներին, այս դեպքում եւս ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում։ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազումը կազմել է 23.3 տոկոս:
Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 15.9 տոկոսով։
Առեւտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 10.2 տոկոսով. արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.2 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13.7 տոկոսով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով։
Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին 2019-ի հունվար-հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով։
Հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։
--00—ԼՄ