ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Բադասյանը՝ անդրադառնալով քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության նոր դեպքին:
«Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, ունեզրկումներ, մարդու արժանապատվության ոտնահարումներ ու այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթ երևույթն է և թվում էր, որ բարեփոխումների փուլում բոլորը գիտակցել ու ընդունել էին այս հանգամանքը։ Բայց ինչպես պարզվում է առանձին շրջանակներ հակված են հավատալու հենց քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դրդմամբ տարածվող լուրերին, թե իբր բռնություն է գործադրվում դատապարտյալների նկատմամբ և առանց ճշտելու այդ տեղեկատվությունը՝ սկսում են խոսել մարդու իրավունքների խախտումների մասին»,- նշել է Բադասյանը:
Նախարարը հավելել է, որ քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը այդ արատավոր երևույթի բոլոր դրսևորումների դեմ, իսկ օրենքով սահմանված լիազորությունների խոչընդոտների դեպքում գործելու է կոշտ՝ օրենքի շրջանակներում կիրառելով համաչափ միջամտություն։
--00—ԼՄ