ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ասֆալտ փռող մեխանիզմից կատարված գողության մասին Արմավիրի բաժնում հաղորդումը ստացվել էր երկու տարի առաջ, 2018 թվականի մարտի 27-ին:
«Արարատ ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ գիշերը գողացել են Նորապատ գյուղի մոտակայքում, ճամփեզրին կայանված մեխանիզմի գլխավոր կառավարման վահանակը` պատճառելով երկուսուկես միլիոն դրամի վնաս:
Երկու տարի առաջ իրավապահների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չտվին: Ու թեև քրեական գործի վարույթը կասեցվեց, սակայն Արմավիրի քրեական հետախույզները շարունակում էին աշխատանքը նաև նախկինում կատարված այս հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները պարզեցին, որ նշված գողությունը կատարել է Նոր Արմավիր գյուղի 28-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 28-ին երիտասարդը ներկայացավ բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմնին:
Քրեական գործի վարույթը վերսկսվել է:
-- 00—ՄՀ