ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վերջին տարիներին բազմաթիվ ազգությամբ քուրդ ՏԻՄ ղեկավարների է պաշտոնանկ արել: Նրանց մեծ մասն էլ մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ այս կամ այն կերպ կապ ունենալու համար և դատապարտվել տարբեր պատժաչափերի: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրի՝ 2014-2019 թթ. Թուրքիայի ՆԳՆ-ը պաշտոնից հեռացրել է 94 քաղաքապետի: Ավելի ուշ նրանցից 63-ին ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանք է առաջադրվել: Քուրդ նախկին քաղաքապետերը դատապարտվել են ընդհանուր առմամբ 694 տարվա ազատազրկման:
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) 47 ղեկավար էլ պաշտոնազրկվել է 2019-ից հետո, որոնցից դատապարտված 10-ի նախնական պատժաչափերի հանրագումարը կազմում է 66 տարի:
Աղբյուրը հավելում է նաև, որ պաշտոնանկ արված կամ դատապարտված ՏԻՄ ղեկավարները Թուրքիայի 3-րդ խոշոր խորհրդարանական կուսակցությունը հանդիսացող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (PKK-ՔԲԿ) կուսակցության անդամներ են: Հերթական ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թուրքիայի հիմնականում արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների ղեկավարների պաշտոններում ընտրված քուրդ ղեկավարները որոշ ժամանակ անց ՆԳՆ-ի կողմից պաշտոնանկ են արվում «ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու հիմքով»:
--00—ԼՄ