ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Իշխանական վերնախավն այսօր հանդիպում է նախաձեռնել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ հանդիպելու են գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Ենթադրել կարելի է, որ իշխանության ներկայացուցիչները քննարկելու են այսօրվա արդիական թեմաները, որ կարող է կապված լինել, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի, ինչպես նաև՝ ներիշխանական տեղափոխությունների հետ:
24News-ին հայտնի դարձավ, որ նմանօրինակ ձևաչափով նախորդ հանդիպման ժամանակ պատգամավորներից ոմանք Նիկոլ Փաշինյանին հայտնել են, թե թերահավատ են Սահմանադրական դատարանի նորընտիր 3 դատավորների հարցում, ինչին ի պատասխան՝ վարչապետը նախ ասել է՝ մտահոգվելու որևէ բան չկա, ամեն ինչ կարգին է, ապա հավելել, թե ՍԴ ճգնաժամը վերջապես կարողացել են լուծել, հետևաբար ավելորդ անգամ անդրադառնալու կարիք չկա: ՍԴ-ի թեման, ասել է, համարե՛ք փակված:
Պատգամավորներից ոմանք էլ դժգոհություն են հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Յոյլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ կապված որոշման մասով:
«Ինչպե՞ս կարելի էր նման մարդու հետ այդկերպ վարվել ու նրան ազատել աշխատանքից»,- վրդովված հարցրել են պատգամավորները: Սրան էլ ի պատասխան՝ Փաշինյանը կարդացել է Facebook-ի իր գրառումը, որտեղ ասվում է, որ Դանիելյանը վերանշանակվել է տնօրենի պաշտոնում: Չնայած հարցը բարձրացնող պատգամավորների անթաքույց ուրախությանը՝ վարչապետ Փաշինյանը շարունակել է՝ բժիշկների վարքագիծն, այդուամենայնիվ, քննելի է:
Վրույր Սևակ
--00—ԼՄ