ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից:
«Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ:
ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու հանգամանքի վրա: Ռուսական կողմը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերսկսումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:
Ձեռք է բերվել շփումները շարունակելու պայմանավորվածություն»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
--00--ԱԹ