ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության հայերի եվրոպական դաշնության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Հրթիռային և օդային հարվածները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել թաքստոցներում։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ բարձր ներկայացուցիչ Բորել, նաև ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի կանգնեցնենք Թուրքիայի ցանկացած միջամտություն, որը փաստացի ապակայունացնում է ևս մեկ հարևան տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»,- ասված է նամակում:
Նամակը ստորագրած պատգամավորները Ադրբեջանի բանակին կոչ են արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Բորելին ուղղված նամակի տակ ստորագրել են պատգամավորներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Հունաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանի, Սլովակիայից, Շվեդիայից, Դանիայից, Բելգիայից և Հունգարիայից:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ