ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը:
Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերի իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ ևս ընդգծել է ֆուտբոլի՝ քաղաքականությունից զերծ մնալու կարևորությունը և դատապարտել է ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկի միլիտարիստական կեցվածքը: ՀՖՖ-ն ակնկալում է, որ ՈՒԵՖԱ-ն ոչ միայն կքննարկի SOCAR ընկերության՝ վերջին օրերին որդեգրած գործելաոճը և ՈՒԵՖԱ-ի հովանավոր լինելու նպատակահարմարությունը, այլև հանդես կգա դատապարտող հայտարարությամբ:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ