ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը:
Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 2-րդ աստիճանի:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ