ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի ԱՄՆ նոր ղեկավարությունից, կարո՞ղ է Վաշինգտոնը կառուցողական դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Արձագանքելով դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անարդյունավետ հանդիպումներ է անցկացրել ԼՂ հարցով՝ Լավրովը նշեց.
«Ես չէի ասի, թե անարդյունավետ են եղել դրանք: Ռազմական գործողությունների հենց սկզբից համանախագահների կողմից, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, եղել են քայլեր»:
Նա հիշեցրեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ կրակի դադարեցման հարցով, նշեց՝ այս ամենը չաշխատեց, բայց ստեղծեց քաղաքական զանգված ՝ ԵԱՀԿ Մխ համանախագահների նախաձեռնությամբ, ում դերն իրենք ընդգծում են: Այդ ամենն, ըստ Լավրովի, ստեղծեց հիմք, որ վերջին օրերին ամեն դեպքում միջազգային հանրության կամքը, որ համանախագահների բազմաթիվ հայտարարություններում ամրագրված էր, տեղափոխվի գործնական քայլերի դաշտ:
«Ես զրուցել եմ իմ ֆրանսիացի գործընկերների հետ, գործընկերներս էլ կապի մեջ են եղել ԱՄՆ հետ, նրանք կարծես հարցնում են՝ ինչպե՞ս եղավ, մեզ մանրամասն բան չասացիք: Նախագահ Պուտինն ասել է, որ մենք աշխատում ենք համանախագահների շարադրած դիրքորոշումների հիման վրա հրադադարի ուղղությամբ: Բանակցությունները մի քանի օրերին ակտիվորեն տեղի էին ունենում՝ օրական 24 ժամ, մի քանի զրույց օրվա ընթացքում: Եթե մանրամասներ իմանալու ցանկությունը նշանակում է ամեն բանակցությունից հետո տեղեկացնել նրանց, դա ֆիզիկապես անհնար էր: Այն բացատրությունները, որ մենք տվեցինք արդյունքում, դա, կարծում եմ, մեր գործընկերները ճիշտ են ընկալել, ես դա զգացի երեկ իմ զրույցի ընթացքում»,- ասաց նա:
Լավրովն ընդգծեց՝ իրենք որևէ կերպ չեն ցանկանում հեռանալ գործընկերներից, ավելին, նրանց հրավիրել են Մոսկվա, առաջիկա օրերին վերջիններս այստեղ կլինեն՝ մանրամասն զրուցելու, թե ինչպես կարող են նպաստել համաձայնության իրականացմանը:
--00--ԱԹ