ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
«Բանաձևում նշված է՝ Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական և խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,- ասված է գրառման մեջ:
Քաղաքային խորհուրդը նշել է, որ այս ճանաչումը թույլ կտա հող պատրաստել Ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդյունավետորեն երաշխավորելով սահմանների ամբողջականությունն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրավունք ունեցող իր ժողովրդին:
«Հետեւաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում Հանրապետության Նախագահին՝ ներգրավել Ֆրանսիան հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղ գործընթացի կյանքի կոչման եւ Լեռնային Ղարաբաղի անհապաղ ճանաչման գործընթացի մեջ, վերացնել քաղաքային համայնքների առջեւ դրված` Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»,- նշված է բանաձեւում:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձեւ եւ կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել ԱՀ անկախությունը: Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձեւ, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
--00—ԼՄ