70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողները քիչ առաջ վերադարձան Հայրենիք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողները քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Նրանք են՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը

Տղաները բուժզննման կարիք ունեն:



Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծնողների հետ մեկտեղ հերոսներին ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նախագահ Հարությունյանը և ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն իրենց երախտագիտությունն են հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին:

Կարեն Սարգսյանը զրուցել է նաև անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ, վստահեցրել, որ ինչպես ծառայությունը՝ որպես գործուն մասնակից, այնպես էլ բանակցող կողմերը գործի են դրել ամբողջ ներուժը որպեսզի օր առաջ բոլոր գերեվարված զինծառայողները վերադարձվեն հայրենիք իսկ անհետ կորածների ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամեն օր:

հասարակական

հասարակական

հասարակական

--0--ԿԿ