ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Մինչ իշխանական զանազան տղաներ և աղջիկներ զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության քրտնաջան վերականգնումով և թուրք-ադրբեջանական բարբարոսների կողմից`Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների լեգետիմիզացիայի գործերով, հայ գերիներից մեկի հանդեպ իրականացվում է ահավոր մի գործընթաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Ուրեմն, Բաքվի ռազմական դատարանը ձերբակալել է հայ ազատամարտիկ Լյուդվիգ Մկրտչյանին, իբր վերջինս`լինելով առաջին Արցախյան ազատամարտի մասնակից, ժամանակին կտտանքների է ենթարկել ադրբեջանցի գերիներին։
Իհարկե, ադրբեջանցիները չեն դադարեցնի մեր գերի տղերքի հաշվին գործողությունների իրագործումը, որը միտված է մասնակի կոծկել ադրբեջանցիների վայրագ վերաբերմունքը հայերի հանդեպ, մասնավորապես` հայ գերիների հանդեպ։
Հիմա հարց. մինչև ե՞րբ է փաշինյանական իշխանությունը շարունակելու թուրքերի դուդուկի տակ լամբադա պարել, այն դեպքում, երբ մեր տղերքին բացահայտ խոշտանգում են:
Ախր ո՞նց, ո´նց կարելի է լռել...
Տպավորություն է, որ թուրքերի նկատմամբ Ձեր «սերը» այնքան անսահման է, որ որոշել եք պարզապես չնկատել` «իրենց» կողմից հայ ազատամարտիկ Մկրտչյանի հանդեպ իրագործվող գործողություները:
Սա արդեն ակնհայտ ադրբեջանամետ վարքագիծ է:
Չնայած ես չեմ զարմանա, եթե փաշինյանական իշխանավորների կողմից հնչեն օրինակ`Մկրտչյանին «դատապարտող» ճառեր։
Որպես հայ մարդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պահանջում եմ անհապաղ`պետական մակարդակով, ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան կասեցնել Լյուդվիգ Մկրտչյանի հանդեպ իրագործվող ապօրինությունները։
Խելքի եկեք, ուղղակի խելքի եկեք:
Հ.Գ.
Հավաստիացնում եմ, որ անձամբ ես և "Բարգավաճ Հայսատան" խմբակցության պատգամավորները`մեր լիազորությունների շրջանակներում անում ենք, կանենք ու անելու ենք ամեն ինչ, որ մեր ազատամարտիկին և բոլոր գերի տղերքին փրկենք թուրք և ադրբեջանցի վայրենիների ճիրաններից»,- գրել է Աբովյանը։
--00--ԱՀ