ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
«Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ:
Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում:
Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի 102-րդ կիլոմետրում գողացվել է կապի մալուխ: Նույն օրը անհայտ անձինք վնասել են «Ալմաստ» կայարանի հերթապահի սենյակը՝ վնաս հասցնելով ընկերության ենթակայության տակ գտնվող գույքին:
Հունվարի 15-ին անհայտ անձինք կոտրել են «Արմավիր» կայարանի շենքի մուտքի դուռն ու պատուհանը՝ պատճառելով նյութական վնաս:
Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը կանխելու հարցում ներկայացված բոլոր դեպքերով Հարավկովկասյան երկաթուղին սերտորեն համագործակցում է երկրի իրավապահ մարմինների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
--00—ՄՀ