ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
2020 թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված 19-ամյա Մանվել Հարությունյանը Հրազդան քաղաքից էր, ֆուտբոլիստ էր։ Հարազատները 24news-ին պատմում են, որ Մանվելը շատ հավասարակշռված, ընկերասեր ու լավատես տղա էր։
«Բոլորին հասնող է եղել, միշտ ուրախ էր ու երբեք չէր դժգոհում կյանքից։ Մանվելն անչափ լավատես էր, ինչ էլ լիներ ասում էր՝ լավ ա լինելու։ Նա շատ ուժեղ էր, երբեք իր դժվարության մասին չէր բարձրաձայնում անգամ պատերազմական օրերին»,-24news-ին պատմել են Մանվել Հարությունյանի մտերիմները։
Տղան պատերազմական օրերին հարազատներին ասել է, թե ապահով վայրում է, անհանգստանալու կարիք չկա, սակայն եղել է թեժ կետերում՝ Ջաբրայիլում, Ֆիզուլիում, ապա անմահացել Ամարասում։
Զինծառայության շրջանում Մանվելը հաճախ էր զանգում տուն, առաջինը խոսում էր քրոջ երեխայի հետ․ «Մինչև մեկ տարեկան Մանվելն երեխայի կողքին է եղել, գնաց բանակ ու դեռ չէր տեսել երեխայի առաջին քայլերն ու չէր լսել առաջին հնչյունները։ Երեխային շատ էր սիրում ու շատ կապված էր հետը։ Երբ զանգում էր, ասում էր՝ առաջինը տվեք գեներալիս (խմբ.՝ երեխային) հետ խոսամ»։
Մանվելը հարազատներին վերջին անգամ զանգահարել է նոյեմբերի 8-ին, խոսել քրոջ ու մոր հետ, ապա ասել՝ էլ չի կարող զանգել։
«Ասեց՝ մա՛մ ջան, էլ չեմ կարա զանգեմ, և այդպես էլ չզանգեց։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, անմահացավ իր պոստերում ԱԹՍ-ի հարվածից։ Նրա մահվան լուրը մենք ստացանք միայն նոյեմբերի 13-ին և հուղարկավորեցինք նոյեմբերի 16-ին՝ Հրազդանի քաջերի եղբայրական պանթեոնում»,-պատմել են հարազատները։
--00—ԼՄ