ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Այսօր կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։
Բքի հետևանքով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ է լինելու։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին համապատասխան օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
«Այս պահին արգելափակումից դուրս է բերվել 243 տրանսպորտային միջոց և 82 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն։
Հորդորում ենք խուսափել երթևեկել նշված ճանապարհահատվածով և չստեղծել լրացուցիչ դժվարություններ»,– ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։
--00--ԱՀ