ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից անձին կալանավորելու հրահանգ տալու մասին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանի հայտարարությունը։ Այս մասին «Փաստինֆո» -ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազությունից։
Փետրվարի 20-ին Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ տեսել է Երևանի սրճարաններից մեկում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։
«Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է:
Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստեցնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստեցնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»,- գրել է Վարագյանը։
Հաջորդ օրը Վարագյանը նշել է, որ պատրաստ է անհրաժեշտ ցուցմունքներ տալ և իր գրառումը պետք է դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։