ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Դուք Փաշինյանին համարում եք դավաճան. ինձ համար ինքը թշնամի է: Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա հիշեցրեց՝ երկուսուկես տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, ինքն ասում էր՝ նա ոչ թե լավ կամ վատ վարչապետ է, այլ դրսի ուժերը կարողացան գրավել Հայաստանը:
«Արցախը գրավված է զորքով, Հայաստանը գրավված է մեր նաիվության, իրենց ճկունության շնորհիվ: Եթե երկիրդ գրավել է թշնամի, նրա դեմ պայքարելու բոլոր ձևերն օրինական են, բայց մենք ընտրեցինք քաղաքական ճանապարհը»,- ասաց նա:
Մանուկյանը նկատեց` քաղաքացիների մի մաս այնուամենայնիվ շարունակում էր հավատալ Փաշինյանին, ուստի իրենք հարգեցին նրանց կարծիքը, սակայն Փաշինյանի նախորդ հանրահավաքը ցույց է տալիս, որ ժողովուրդը էլ Փաշինյանի հետ չէ, այսինքն` առաջին հենարանն իր հետ չէ, երկրորդ հենարանից՝ ուժային կառույցներից բանակը կանգնեց ժողովրդի կողքին:
«Բանակն ասաց՝ մեր թշնամին Փաշինյանն է, ինքը պիտի հեռանա: Վարչապետը հնարեց մի ձև` Օնիկ Գասպարյանին աշխատանքից հանել: Մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող. մինչ այդ նախագահը պետք է դիմի ՍԴ: Մենք այսօր ոչ թե պետք է հաղթանակ տոնենք, այլ ասենք՝ մի քայլ ևս արեցինք, ունենք պայքարելու ժամանակ: Բանակի ղեկավարությունն, իմ տեղեկություններով, չի ենթարկվի անօրինական կարգադրության: Այսինքն` ինչ ուզում է որոշեն նախագահը, կառավարությունը, մյուսները, բանակը կանգնած կար, այդպես էլ մնալու է»,- նշեց նա:
Մանուկյանի խոսքով` կոռուպցիա փնտրելով մտան բանակ, այն կոտրեցին, հիմա երկրորդ անգամ են ուզում ջարդել, ինչը թույլ չեն տա:
«Ոստիկանությունը շատ վայրագ էր իրեն պահում սկզբում, հետո կարգի եկան: Ոստիկանները մեր եղբայրներն են, մենք նրանց պիտի բացատրենք. ով չհասկացավ, նոր կորոշենք՝ ինչ անենք»,- ասաց Մանուկյանը:
Վերջինիս զարմացրել էին նաև ԱԺ շենքում տեղակայված դիպուկահարները:
«Ենթադրենք մի քանի տաքարյուն երիտասարդ չափարով փորձեր անցնել, հայ դիպուկահարը պիտի կրակե՞ր: Մենք այս շենքով անցնելու ենք ներս, ոստիկաններն ուղեկցելու են, նույնը կառավարության դեպքում, հասնելու ենք նրան, որ ինքը դուռը բացի, մեզ ասի՝ համեցեք, բայց այդ ճանապարհը համբերություն է պահանջում, մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն»,- ասաց նա:
Մանուկյանը հայտարարեց` երկու-երեք օրից պատրաստվում են մարզային այցեր սկսել` իրենց ձայնը մարզերին հասցնելու համար, իսկ մինչ այդ` մարտի 6-ին տեղի կունենա ընդդիմության հերթական մեծ հանրահավաքը:
«Կարող են իրավիճակները բերել նրան, որ կատարենք կտրուկ գործողություններ: Տղաներ կան, որ ասում են՝ գնանք, ջարդենք, էս շենքը վերցնենք, մյուսը. սպասեք, կարող է ձեր կարիքը լինի, բայց ավելի լավ է` դրա կարիքը չլինի»,- նշեց նա:
Մանուկյանը կարծում է` հայրենիքը նվաճված է օտար ուժերի կողմից, ոչ միայն թուրքերի: Նա նշեց` կարող է անգամ հետախուզությունների անուններն ասել:
--00--ԱԹ