ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայր են հասցրել մարդասիրական օգնություն, որը նվիրաբերել են Ռուսաստանի բարեգործական հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Տեղի բնակչության հետ փոխգործակցում ենք դիմումների և թեժ գծի միջոցով: Լեռնային Ղարաբաղի բնակիչները հաճախ բարձրաձայնում են մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին: Դրանից ելնելով՝ մենք կապվում ենք շրջանների ղեկավարների հետ, ուսումնասիրում տեղի բնակչության կարիքները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերում», - հաղորդել է զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսանդր Բելովի խոսքերը:
Մեկ շաբաթվա ընթացքում խաղաղապահները բարեգործական կազմակերպության հետ համատեղ հինգ մարդասիրական գործողություն են իրականացրել Ստեփանակերտում, Թաղավարդում, Խանաձախում և Ասկերանում։ Ավելի քան ինը տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ և բժշկական սարքավորումներ են հանձնվել այդ բնակավայրերի բնակիչներին:
--00—ՄՀ