ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ռուս խաղաղապահները հումանիտար բեռներ են հասցրել Ասկերանի շրջանի Խնապատի բնակիչներին, ինչպես նաև Դադիվանքի վանական համալիր են ուղեկցել ուխտավորների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Եվգենի Մաքսիմովի խոսքով՝ կարիքավոր ընտանիքներին են հանձնվել առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք։ Ընդհանուր առմամբ, ռուս զինվորականները բաժանել են 100 փաթեթ։
Բացի այդ, ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից ռուս խաղաղապահները կարիքավորներին փոխանցել են ծալովի մահճակալներ, վերմակներ, բարձեր, փոքր գազօջախներ՝ սնունդ պատրաստելու համար, և այլ անհրաժեշտ ապրանքներ։
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1739 հա տարածք, 541 կմ ճանապարհ, 1614 բնակելի շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25376 պայթուցիկ առարկա:
Հաղորդվում է նաև, որ 10 հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Դադիվանք։ Ուխտագնացները հանդիպել են հոգևորականնների հետ և մասնակցել կիրակնօրյա ժամերգության։
--00—ՄՀ