ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Կառավարության ապրիլի 15-ի նիստում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշում է ընդունվել։
Որոշումն առաջարկում է ՀՀ իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն:
Ըստ հիմնավորման՝ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառման բյուջեն կազմում է 25.000.000 դրամ։ Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաեւ պետական բյուջեից, որն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը:
Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։
Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։
Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։
Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։
Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ եւ միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավարին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ,
Այսպիսով, Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝
- Ոստիկանություն
- Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն
- Ոստիկանության զորքեր։
Նախարարության ենթակայությանն է հանձնվելու նաեւ ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն։
Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետեւյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝
- Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչություն,
- Միջազգային համագործակցության վարչություն,
- Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
- Հակակոռուպցիոն վարչություն։
Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետեւյալ աջակցող ստորաբաժանումները՝
- Իրավաբանական վարչություն,
- Ֆինանսաբյուջետային վարչություն,
- Տնտեսական վարչություն,
- Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
- Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն,
- Գործավարության եւ գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
- Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։
Նախարարության նման կառուցվածքի պայմաններում նախատեսվում է ոստիկանության հիմնական մասնագիտական եւ աջակցող ստորաբաժանումների հետեւյալ դասավորությունը.
Ոստիկանության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ
- Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն,
- Ոստիկանության զորքերը,
- Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,
- Պետական պահպանության գլխավոր վարչություն,
- Շտաբ,
- Օպերատիվ փնտրողական վարչություն,
- Պարեկային ծառայություն (վարչության իրավունքով),
- Օպերատիվ կառավարման կենտրոն (վարչության իրավունքով),
- Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով),
- Բժշկական վարչություն,
- Փորձաքրեագիտական վարչություն։
Ոստիկանությանն աջակցող ստորաբաժանումներ եւս կստեղծվեն:
Ոստիկանության համակարգի մաս են կազմում նաեւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետեւյալ կառուցվածքը.
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ
• Ծրագրերի, հսկողության եւ վիճակագրության բաժին,
• Բնակչության պետական ռեգիստրի վարման եւ սպասարկման բաժին,
• Քաղաքացիության շնորհման եւ դադարեցման բաժին,
• Քաղաքացիության պարզման եւ վերադարձի բաժին,
• Ապաստանի հարցերի բաժին,
• Վիզաների եւ կացության բաժին,
• Օտարերկրացիների վերադարձի բաժին,
• Անձնագրային բաժին։
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության աջակցող ստորաբաժանումներ եւս կստեղծվեն:
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համակարգի մաս են կազմում նաեւ ծառայության տարածքային ստորաբաժանումները։
--00—ՄՀ