ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Այսօրվանից մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Նոր Նորք վարչական շրջանը Ֆեյսբուքի իր էջում:
«Օրերս մանկապարտեզի երեք երեխաներ հոսպիտալացվել են՝ «աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ: Երեխաներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում նախնական ախտորոշումը հաստատվել է: Նույն մանկապարտեզ հաճախող ևս մի քանի երեխա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով, բուժումը ստանում են տանը:
Վարակի պատճառները հայտնաբերելու, ինչպես նաև՝ դրա տարածումը կանխարգելելու նպատակով նշված մանկապարտեզը մի քանի օր փակ կմնա, որից հետո կվերսկսի աշխատանքը:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է վարչական շրջանի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ (1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան):
Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-39oC ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է E.Coli, վերջնական ախտորոշում է դրվել՝ «Էշերիխիոզ»:
--00—ՄՀ