Հարկ եմ համարել ներողություն խնդրել, հարկ չեմ համարել հրաժարական ներկայացնել․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արցախի պատերազմում զոհվածների դիերի ոչ պատշաճ պահման պայմաններին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ասել է, երբ ոլորտում գրանցվում է խախտում, ոչ ճիշտ վերաբերմունք, սխալ, ապա տվյալ խնդիրը պետք է վեր հանվի, գնահատական տրվի, ոչ թե գնահատական տրվի ընդհանրական ողջ համակարգին։ 

«Դիերի հետ կապված բոլոր մանրամասները չափազանց զգայուն, նուրբ թեմաներ են, որոնց վրա կարելի է շահարկել ցանկացած բան։ Ես զարմացած եմ, որ անգամ դիակների՝ պարկերում լինելը դարձավ մեծ քննարկման առիթ, որը ինձ համար անընդունելի է։ Որոշակի շահարկումները խառնվում են կոնկրետ պրոբլեմի հետ, և այսպես փոթորիկներ են հրահրվում»,-ասել է Ավանեսյանը և վերահաստատել, որ միանշանակ պետք է դրանք պարկերի մեջ լինեին։

Անդրադառնալով միջադեպքի պատճառով հրաժարական տալու հրամայականին՝ նա նշել է, որ անհրաժեշտություն չի համարել, և որ ներողությունը համարել է բավարար։

«Պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, և այո՛, կրելով պատասխանատվություն՝ ներողություն եմ խնդրել, և դա էլ պետք է մտնի մեր մշակույթի մեջ։ Ես հարկ եմ համարել ներողություն խնդրել, հարկ չեմ համարել հրաժարական տալ, որովհետև կարծում եմ, որ կոնկրետ անձի կողմից կա բացթողում»,-ասել է նա։

Անահիտ Ավանեսյանը նաև հայտնել է, որ երկար պահել չեն կարող այն դիեր, որոնց հարազատներն այդպես էլ չեն վերցի, և պետությունը իր վրա պետք է վերցնի զոհերի հուղարկավորությունների իրականացումը։

--00—ԼՄ