Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՀՀ

Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները  հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Մենք՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներս, մեր խիստ անհամաձայնությունն ենք  հայտնում ՀՀ կառավարության  դիրքորոշմանը ՝ հրաժարվելու Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից։ Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական հիմքեր չունեցող քայլ է, որը հակասում է մեր երկրի ազգային շահերին և թողնում մեզ՝ էթնիկ հիմքով կատարված հանցագործության զոհերի հարազատներին առանց անհրաժեշտ պաշտպանության:

Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը անհապաղ դադարեցնի այս աղետաբեր քաղաքականությունը և ապահովի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերի քննության բնականոն ընթացքը։ Այդ հայցերը կարևոր գործիք են մեր խախտված իրավունքների վերականգնման, ադրբեջանական հանցագործությունների ճանաչման և միջազգային իրավունքի շրջանակներում արդարության հաստատման համար։

Հայաստանի իշխանությունները չունեն իրավունք նման կարևորագույն որոշումներ կայացնելու առանց հասարակության լայն շրջանակների և առաջնահերթ՝ պատերազմի զոհերի և անհայտ կորած  զինծառայողների ընտանիքների հստակ համաձայնության։  Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը դադարեցնի մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները անարգող գործելաոճը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը՝ շարունակելով այն հանցագործությունները, որոնք կատարվել են մեր ժողովրդի դեմ։

Ներկայացված միջպետական հայցերից հրաժարվելը նաև կնշանակի ամենաբարձր մակարդակով խոչընդոտել անհայտ կորած  և բռնի անհետացած անձանց ընտանիքների իրավունքներին՝ չթողնելով արդյունավետ իրավական պաշտպանության որևէ գործիքակազմ»։
 

--00—ՍՊ