ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Օրեր առաջ գերությունից վերադարձած տղաները չեն իմացել՝ ուր են իրենց տանում, մինչև չեն հասել Վրաստանի սահմանին: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ապրիլյան նստաշրջանում, երբ դուրս բերեք ադրբեջանական պատվիրակության բոլոր ելույթները, կտեսնեք, որ մի բան կա՝ «տվեք ականապատ տարածքների քարտեզները և մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը»: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջել է ականապատ տարածքների քարտեզը, դուք չե՞ք տվել: Դուք չեք տվել, տղաներն ամեն օր մնացել են գերության մեջ, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին տաք Ակնայի 57 հազար ականների քարտեզը, և դրա դիմաց ձեզ քարոզչական բոնուսներ հավաքեք»,- ասել է նա:
Սա, ըստ Զոհրաբյանի, անբարոյական է, միայն հայատյաց մարդը կարող է այսպիսի բան անել: Նա հիշեցրել է՝ վաղուց էր ասում, որ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը գերիներ կվերադարձնի, որպեսզի ապահովի ներկայիս իշխանության բարձր վարկանիշը:
«Անուն չեմ տա, բայց ես խոսել եմ գերությունից վերադարձած 15 տղաներից մեկի հետ և նա պատմել է, որ նրանք անցել են դժոխքի միջով, ասում էր՝ վերջին երկու ամիսներին ամեն շաբաթ իրենց ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք հանձնենք Հայաստանին, տանում էին, ծեծում և վերադարձնում, իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք, մորթենք: Ասում է՝ ավտոբուսում նստած, մինչև Վրաստանի սահման չհասան, չգիտեին՝ իրենց հետ ինչ է լինելու, չեն հասկացել, որ վերադառնում են, իսկ Փաշինյանը ցինիկաբար ասում էր՝ ոչինչ, Բաքվում գերի մեր տղաները, որ պայքարում են ՀՀ անկախության համար, մեկ-երկու ամիս էլ կսպասեն»,- նշել է Զոհրաբյանը:
--00--ԱԹ