ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Հունիսի 24-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Նիստի օրակարգում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցերն էին:
Առաջին հարցը ներկայացրեց ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն, ըստ որի բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքեր և կամ անհատական բնակելի տներ կառուցապատող շինարարական կապալի պայմանագրով կապալառու հանդիսացող անձի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի և (կամ) անհատական բնակելի տների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցումը և (կամ) օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Եթե օրինագիծը խորհրդարանի հավանությանը արժանանա, այն որպես օրենք նախատեսվում է կիրառել 2021 թվականի հուլիսի 1-ից: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը օրինագիծը քվեարկության դրեց: 5 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի առաջիկա լիագումար նիստին:
Որպես Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը առաջարկեց Տիգրան Ծատրյանի թեկնածությունը: Նա տնտեսագետ է, աշխատանքային գործունեությունը սկսել է ԱՀ ֆինանսների նախարարության վերահսկողության ու վերստուգման բաժնում՝ որպես վերահսկիչ ու վերստուգիչ: Այնուհետև զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն: Հանձնաժողովը 4 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Տիգրան Ծատրյանի թեկնածությանը:
--00--ԱԹ