Արցախում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

նկար

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Բարելավվում է անպտղության պատճառագիտության  հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները», - այդ մասին նշված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին  ներկայացվող պահանջները: 

Ըստ այդմ՝ վերարտադրողականության  օժանդակ տեխնոլոգիաներից  օգտվելու իրավունք ունեն 2 տարի  և ավելի  անպտղություն ունեցող (բացարձակ  ցուցումների դեպքում առանց  2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը.

1. ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2. ամուսիններից մեկը՝ կինը պատկանում  է  20-42  (ներառյալ) տարիքային խմբին:

ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից  օգտվելու  համար շահառուն  պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել 35 զույգ, որից 21-ին արդեն կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

--00—ԼՄ