ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին գրել է minval.az-ը:
«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալիս, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
--00—ՄՀ