ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։
Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 150 փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի, Արտաշատի և Արարատի բաժիններում։
Մասնավորապես, Մասիսում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Արտաշատում՝ «Շմայսեր» ինքնաձիգի, Արարատում՝ «Կարաբինի»։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Մեծամորի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։
Տարբեր տեսակի նռնակներն ու պայթուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է Հաղարծինի բնակիչներից մեկը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00—ՄՀ