ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախօրեին։
ԱԳ նախարարները անդրադարձել են նաև երկկողմ գործընկերության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին։
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա), Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմն ըստ պաշտոնական տեղեկությունների տվեց շուրջ 4000 զոհ։
--00--ԱՀ