ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգիաբանական ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների համար կազմակերպված դասընթացին այս մասին ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Մենք մոտ 1.5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ հիվանդանոցում չի հայտնվել: Եթե տվյալ պահին անմիջապես անհրաժեշտ դեղամիջոցը ներարկվում է, օգնություն է ցուցաբերվում, մոտ 1 ժամվա ընթացքում վիճակը կարգավորվում է և անձը կարող է տուն գնալ, որևէ խնդիր չի առաջանա»,-ասաց Սահակյանը:
Անաֆիլաքսիայի վտանգ կարող է լինել պատվաստումից 15 րոպեից հետո մինչև 40 րոպեի ընթացքում: Անաֆիլաքսիան հիմնականում պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Այդ դեպքում, օրինակ, իջնում է զարկերակային ճնշումը, կարող է առաջանալ շնչահեղձություն և այլն:
ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնից Պիրիջիտա Սիմոնյանը նշեց՝ անաֆիլաքսիան շատ սուր պրոցես է, արագ զարգացող:
«Առաջին 40 րոպեում է կյանքի համար վտանգ ներկայացնում, եթե առաջին օգնություն չցուցաբերվի, ամեն ինչ կարող է պատահել: Դրա համար են պացիենտին հորդորում՝ որոշ ժամանակ մնալ բուժհաստատությունում, որ հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանան: Որքան պրոցեսը երկարում է, այնքան անաֆիլաքսիայի ուժգնությունը մեղմանում է: Նույնիսկ, եթե պացիենտը տանն է, իրեն վատ է զգում, Շտապօգնությունը կարող է օգնություն ցույց տալ, կամ ինքը կարող է դիմել բուժհաստատություն»,-ասաց Սիմոնյանը:
Մասնագետները վստահեցնում են, որ բոլոր բուժհաստատություններն ապահովված են բուժառուին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով:
--00--ԱԹ