ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Կառավարությունը սահմանել է Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը:
Ըստ հիմնավորման՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: Նախատեսվում է, որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ:
Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:
Սահմանված է, որ ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ներկայացվում են` 2021 թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչև 2021 թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թ. հունվարի 1-ը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ գործիքակազմով է վերահսկվելու նոր ինքնակամ շինությունների կառուցումը կանխելու գործընթացը. «Ինչպե՞ս ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա»:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ վերահսկման երաշխիքներ են ապահովվել այս որոշմամբ և ունեցած տվյալների բազայով: «2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում արձանագրվել են մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: 2022, 2023, 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինություններն ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու: Բացի այդ, այս կարգի կանոններով, չհաշվառված լինելու պարագայում, դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա հավելել է նաև, որ ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու նպատակով հստակ ժամանակացույցերով լիազորություններ են վերապահվում համայքնի ղեկավարին և տեսչական մարմիններին: «Ինքնակամ շինության հայտնաբերման պահից համայնքի ղեկավարի վրա դրվում է պահանջ այն ապամոնտաժելու՝ առանց դատարանի վճռին սպասելու: Եթե դա տեղի չի ունենում, ապա տեսչական մարմինը որոշում է կայացնում և ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարողին, որպեսզի շինությունը ապամոնտաժվի: Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ ինքնակամ շինություններն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն կարող օրինականացվել, և զերծ մնան նման գործողություններից»,-նշել է Սուրեն Թովմասյանը :
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է. «Նոյեմբեր ամսվա դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց, դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Իսկ ընդհանուր, նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»:
Արթուր Ասոյանը նշել է, որ նոր կարգավորումների համաձայն հիմնական կարագավորումը դրված է ՏԻՄ-երի վրա, որոնք ապահովելու են պատշաճ վերահսկողությունը: «Սակայն, բացի ՏԻՄ-երից, նոր օրենսդրական կարգավորումներով առկա է այնպիսի գործիքակազմ, որը զսպում է հնարավոր չարաշահումները: Մեկ կարևոր արձանագրոմ ևս՝ եթե ինքնակամ կառուցը հաշվառվում է, դա դեռևս չի նշանակում, որ այն պետք է օրինականացվի: Գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում. այն անցնելու է համապատասխան ընթացակարգով, որի վերջարդյունքում կորոշվի՝ այդ ինքակամ կառուցը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ»,-ընդգծել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Իրականում շատ կարևոր կարգավորում է, և պետք է մեր տեղական ինքնակառավարման և պետական մարմինները համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնեն: Մենք շատ ենք խոսում պետական ինստիտուտների կայացման վերաբերյալ, և կարևորում ենք դա: Եվ երկրում այս քանակի ապօրինի կամ ինքնակամ շինությունների ծավալն արդեն պետական ինստիտուտների թերի կայացվածության կարևոր վկայությունն է: Ես կուզենայի, որ մենք ընդհանրապես չթերագնահատեինք քաղաքաշինության դերը, որովհետև դա ունի և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ ինտելեկտուալ շատ կարևոր նշանակություն: Այն քաղաքաշինական միջավայրը, որը մեզ շրջապատում է՝ մեր մտածողության արտահայտումն է: Եվ ընդհակառակը՝ քաղաքաշինության միջավայրի կարգաբերումով մենք բանաձևում, զարգացնում ենք մեր մտածողությունը: Սա չափազանց կարևոր նրբություն է և պետականության, պետության կայացման կարևոր ուղղություն: Այն էական նշանակություն ունի ընդհանրապես պետության, ժողովրդի զարգացման առումով: Պետական ինստիտուտների կայացումը, պետական ձեռագրի և բանաձևերի ձևակերպումը քաղաքաշինական միջավայրի ձևավորման առումով շատ էական գործառույթներ են, որոնք մենք պետք է իրականացնենք»:
--00—ԼՄ