ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 7-ին հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, 2021թ.-ին ըմբշամարտի (Թեհրան) և բռնցքամարտի (Մոսկվա) զինվորականների աշխարհի առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։ Բացի այդ՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները թիմային հաշվարկով գրավել են աշխարհի առաջնության 3-րդ տեղը, պարգևատրվել գավաթներով։
Ըստ աղբյուրի՝ մարզիկ-զինծառայողներին ու նրանց մարզիչներին շնորհավորել, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու մարզաձևերի մարզիչները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։
--00--ԱՀ