ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Այս մասին ահյտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված 1982 թ., ԻԻՀ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել տարածքի սահմանազատում:
Նշվում է, որ կցորդիչը ուղղելու և ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
--00--ՍԳ