ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր նախատեսված էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը, սակայն հետաձգվել, քանի որ ամբաստանյալներից մի քանիսը չեն ներկայացել դատական նիստին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 28-ին, ժամը՝ 10.30-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինություն ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանների ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ Քննչական կոմիտեի` այնուհետև այն օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն:
Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, հանրապետական Արման Սահակյանն էլ, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։
Ըստ նախաքննական մարմնի՝ այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։
--00--ՍԳ