ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ուրբաթ՝ վաղ առավոտյան, հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը։
«Իրանի նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն անկախ պետությունների անվտանգության և կայունության համար համար աշխարհի տարբեր տարածաշրջաններում վտանգ է ներկայացնում։ Ռայիսին նաև հույս է հայտնել, որ «տեղի ունեցողը» տարածաշրջանի ժողովուրդների համար կունենա բարենպաստ ավարտ», - մեջ է բերում հեռախոսազրույցից հատված Կրեմլի մամլո ծառայությունը։
Հինգշաբթի՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ԼՄ