ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաեւ Ղարիբաշվիլիի կողմից առաջադրված Հարավային Կովկասի խաղաղ հարեւանության նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանի երեք երկրների միջեւ երկխոսության ձեւաչափի ստեղծմանը եւ փոխշահավետ համագործակցությանը։ Նշվել է, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության եւ համակեցության կողմնակիցը եւ պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։ Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել Ղարիբաշվիլիին՝ խաղաղության երկխոսության գործընթացում ունեցած ներդրման համար։
Կողմերը քննարկել են նաեւ էներգետիկայի, կապի եւ Սեւ ծովի անվտանգության ոլորտներում երկրների միջեւ համագործակցության զարգացումն ու խթանումը։
Քննարկվել է առեւտրի ոլորտում համագործակցությունը։ Նշվել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում առեւտրի ծավալները հասել են 170,49 միլիոն դոլարի, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ընդգծվել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի մեծացնելու հնարավորություններն ավելի շատ են։
--00--ԱՀ