ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար է ձեռք բերվել: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:
Ըստ Կարասինի՝ երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
--00—ԶՀ